ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին համատեղության կարգով դեսպան է նշանակել Թաիլանդի Թագավորությունում, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանին, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին)»:
Սերգեյ Մանասարյանը ծնվել է 1959թ. փետրվարի 25-ին՝ Երևանում: 1976-1981թթ. - Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական Ֆակուլտետը, Տեխնիկական գիտությունների թեկնածու է: 2010-2016թթ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, 2005-2010թթ.՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, 1999-2004թթ.՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում և համատեղության կարգով՝ Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում (1999), Մարոկկոյի Թագավորությունում (2000), Լիբիայի Պետությունում (2001), Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունում (2001), Սուդանի Հանրապետությունում (2003) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ: Տիրապատում է ռուսերենին, անգլերենին, բուլղարերենին: Ամուսնացած է, ունի երկու դուստր: